Արմինֆո. <Ես խորապես մտահոգված եմ այն բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով, եւ կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր>։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի հայտարարության մեջ։
Է. Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ եւ փորձում են իրավիճակը վերադարձնել կայունության: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ կապ է հաստատվել 2019 թվականի մարտին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած նրանց հանդիպման ժամանակ: Ընդ որում, գործող նախագահը հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել լարվածությունը թուլացնելու համար:
Է. Ռաման ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին եւ մտահոգություն հայտնել երկու կողմերի վիրավորների կապակցությամբ։ <Մենք պետք է անենք հնարավորը՝ մարդկային կորուստները նվազեցնելու եւ հնարավորինս արագ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով>, - ասել է Ռաման ՝ ընդգծելով Մինսկի գործընթացին աջակցությունը: