Արմինֆո. ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել ։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է Սպիտակ տունը՝ անդրադառնալով մամուլի խոսնակ Քեյլի Մըքենանի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը:
Ի պատասխան <Ամերիկայի Ձայնի> հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարաչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ <Մեծ Եղեռնը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին>:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի Մաքենանին ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ում հայկական խաչքարի պղծմանը, օգտագործել էր <Հայոց ցեղասպանություն> եզրույթը:<Թվում է՝ ընկալման եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը>,- ասել էր Մաքենանին։
Այս տարվա մայիսի վերջին ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ Դենվերի կենտրոնում աէրոզոլային ներկով պղծվել էր Հայոց ցեղասպանությանը եւ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը: Այս խաչքարը հանդիսանում է Ջուղայի լեգենդար գերեզմանատան երեք հազար միջնադարյան խաչքարերից մեկի կրկնօրինակը, որը 2005 թվականին ավերվել էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ Նախիջեւանում հայկական ժառանգության ոչնչացման ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ չնայած այն բանին, որ գրեթե բոլոր նահանգները բանաձեւեր են ընդունել, որոնցում ճանաչվում եւ դատապարտվում է մարդկության դեմ այդ հանցագործությունը: ԱՄՆ-ի նախագահներն ապրիլի 24-ին հայկական սփյուռքին ուղղված ամենամյա ուղերձների ժամանակ օգտագործում են <Մեծ եղեռն> արտահայտությունը՝ խուսափելով <Հայոց ցեղասպանություն> եզրույթի օգտագործումից: