Արմինֆո. <Սահմանադրական դատարանի մասին> օրենքում գոյություն ունեցող բացթողումները և նախագահի կողմից փոփոխությունների ստորագրման շուրջ երկակի իրավիճակը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, Հրայր Թովմասյանի մասնակցությամբ սահմանադրական կարգավորումների մշակման հետևանք է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը ։
Հունիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով, իր կողմից չեն ստորագրվելու: Ընդ որում, մերժման պատճառները նախագահը չի հայտնել ։ Այսպիսով, Սահմանադրության համաձայն, օրենքը երեք շաբաթվա ընթացքում պետք է ստորագրի խորհրդարանի նախագահը։
<Ցավոք, այդ կարգավորումները շարունակում են գործել նաև այսօր։ Մինչդեռ <թավշյա> հեղափոխությունից անմիջապես հետո մենք պետք է մշակեինք և ընդունեինք նոր Սահմանադրություն և, համապատասխանաբար, նոր կարգավորումներ։ Միայն այդ դեպքում մենք չէինք հայտնվի այն իրավիճակում, որում գտնվում ենք այսօր, չէինք հայտնվի սարգսյանական-թովմասյանական կարգավորումներին համապատասխան գործելու անհրաժեշտության առաջ>, - ընդգծել է նա ։
Իրավապաշտպանը շեշտել է, որ Սահմանադրական դատարանի խնդրի հատվածային լուծումը կուղեկցվի խնդիրներով ։ Նրա գնահատմամբ ՝ դատաիրավական համակարգի եւ պետական կառավարման համակարգի խնդիրները պետք է լուծել արմատական, այլ ոչ թե՝ մասնակի բարեփոխումների միջոցով ։ Այս երկու համակարգերը պետք է համապատասխանեցվեն ժողովրդավարական իրավական պետության չափանիշներին ու պահանջներին, ինչը Հայաստանի անկախացումից ի վեր չի արվել ։
<Ըստ էության, դատաիրավական համակարգի մարմինների համապատասխամեցումը ժողովրդավարական չափանիշներին թավշյա հեղափոխության հիմնական պահանջներից էր։ Եվ ես չեմ կարող առանձին դատավորների փոխարինման որոշումները գնահատել՝ որպես համակարգային։ Ինձ անձամբ շատ ավելի է մտահոգում պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնման հարցը։ Վերջինս էլ հնարավոր է լեգիտիմ Սահմանադրություն ընդունելու միջոցով>, - ամփոփել է Սաքունցը։