Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Ներկայացնելով փոփոխությունները ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի բարեփոխման տրամաբանական շարունակությունն են ։ Նա տեղեկացրել է, որ փոփոխություններով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է առաջին ատյանի՝ քրեական եւ քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորների թվից ընտրել նրանց, ովքեր իրենց մասնագիտացման մեջ մտնող գործերի հետ մեկտեղ զբաղվելու են նաեւ ապօրինի գույքի բռնագանձման հարցերով: Այս փոփոխությունը ժամանակավոր լուծում է, քանի որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է մինչեւ 2021 թվականի վերջը ստեղծել մասնագիտացված դատարաններ, որոնք զբաղվելու են կոռուպցիայի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործերով, նշել է նախարարի տեղակալը: Մինչեւ մասնագիտացված դատարանների ստեղծումը, այդ գործերով զբաղվելու են այդ գործերով մասնագիտացած դատավորները, հայտարարել է Գալյանը: Փոփոխությունների փաթեթով առաջարկվել է նաև սահմանել <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի եւ ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը:
Սրբուհի Գալյանը փոփոխությունների հապշտապ ընդունման անհրաժեշտությունը բացատրել է այն բանով,որ արդեն 1-1, 5 ամիս անց ապօրինի գույքի գործերով դատախազները պետք է անցնեն աշխատանքի: