Արմինֆո. ԲՏԱ նախարարության ծրագրավորման բազային կրթության ծրագրի շրջանակներում Երևանից և մարզերից դիմել է 2165 և այս պահին սովորում է 720 մասնակից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։
<Շտապեք դիմել և սովորել ծրագրավորման հիմունքները, իսկ հաջորդ մեկնարկող ծրագրերն արդեն նեղ մասնագիտական են լինելու>,- գրել է նախարարը։
Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտեր կարելի է ներկայացնել հետևյալ հղումով ՝ https://www.edu2020.am/ru։
Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու` ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,
հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար: