Արմինֆո.Երեւանի Նալբանդյան փողոցում հավաքի կազմակերպման եւ անցկացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օրենքով սահմանված կարգի խախտման համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու, նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն: Միաժամանակ հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն», - ասվում է ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելուց հետո, նրա մի շարք կողմնակիցներ դուրս էին եկել փողոցներ եւ փորձել էին փակել երթեւեկությունը։ 252 անձ բերման էր ենթարկվել: Ավելի վաղ, նույն օրը, Ծառուկյանի տանը խուզարկություններ էին կատարվել, ինչից հետո նա հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության: Ծառուկյանը տեղի ունեցածը համարել է քաղաքական հետապնդում, մինչդեռ, ԱԱԾ-ն հաղորդել է երեք քրեական գործերի մասին, որոնք առնչվում են քաղաքական գործչին։ Ըստ քննության, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավարությունն ու մյուս անդամները, հստակ մշակված սխեմաներով, 2017թվին հարյուր միլիոնավոր դրամ ընտրակաշառք են բաժանել, ընդ որում, դա արվել է բարեգործության պատրվակով։ Մեկ այլ գործով Ծառուկյանի ընկերությունները ներգրավված են խաղատան ապօրինի գործունեության կազմակերպման մեջ, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 60 միլիոն դոլարի վնաս: Մեկ այլ քրեական գործ էլ վերաբերում է Ծառուկյանի հետ կապված ընկերությանը, որն ապօրինի յուրացրել է հողամասեր, և պետությանը պատճառվել է 342 միլիոն դրամի վնաս: