Արմինֆո. Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 470 քաղաքացիների վիճակը ծանր է, եւս 116-ինը ՝ ծայրահեղ ծանր, որոնցից 35-ը միացված են ԹԱՕ սարքերին: Այդ մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ընդ որում, նա հավելել է, որ այսօրվա տվյալներով այդ անձինք գտնվում են մահանալու վտանգի տակ, եւ բժիշկներն անում են իրենից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան դա: Նախարարը նաեւ արձանագրել է, որ վարակվածների տարիքը երիտասարդանում է ։ Թորոսյանը հիշեցրել է, որ հունիսի 15-ի դրությամբ եղել է 15 մահվան դեպք եւ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ոչ մի քրոնիկական հիվանդություն չեն ունեցել, Այդ կապակցությամբ ավելացրել է, որ որեւէ երաշխիք չկա, որ մեզանից յուրաքանչյուրը չի վարակվի:
Թորոսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ քաղաքացիների անպատասխանատու պահվածքը կհանգեցնի առողջապահության համակարգի կոլապսի, եւ, առաջին հերթին, կտուժեն հենց այդ քաղաքացիները: Նախարարը հավելել է, որ առողջապահության համակարգում կոլապսն, իր հերթին, կհանգեցնի նրան, որ մարդիկ, ովքեր կարող էին չմահանալ, կմահանան այն պատճառով, որ չեն կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի հրաժարական տալ, վստահեցնելով, որ համավարակի պայմաններում համակարգը կառավարելը հաճույք չի պատճառում:
Նշենք, որ հունիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է եւս 62 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 17064 դեպք, ապաքինվել է 6276 մարդ, մահացել է 285-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը 41-88 տարեկան 16 մարդու կյանք է խլել, նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան 3 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 94-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 83600 թեստ: