Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել հունիսի 10-ին Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի համատեղ հայտարարության առնչությամբ, որը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցմանը:
«Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:
Վերհաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի: Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները: