Արմինֆո. Իմաստ չունի հերքել Հայաստանում տեղեկատվական պատերազմի առկայությունը, ավելին, կորոնավիրուսի շրջանում ապատեղեկատվությունը սկսել է տարածվել բավական ակտիվորեն։ Այդ մասին հունիսի 12-ին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և գտնել ապատեղեկատվություն տարածողներին:
Նա պատմել է մի տարօրինակ դեպքի մասին. տաքսիում մի կին զանգահարել է ժամացույցների ինչ-որ բրենդային խանութ եւ բարձրաձայն հայտարարել է, թե վարչապետի աշխատակազմի աշխատակից է եւ սպասում է 35 հազար դոլարով վարչապետի համար պատվիրված ժամացույցի մասին տեղեկությունների: Դրանից հետո կինը խոստացել է գումարը փոխանցել եւ դուրս է եկել տաքսուց։ Տաքսու վարորդին նման պահվածքը կասկածելի է թվացել, եւ նա հետեւել է կնոջը, որը նստել է մեկ այլ տաքսի։ "Այս ամենը տեղեկատվական պատերազմի դրսևորում է։ Ակնհայտ է, որ դա կազմակերպված գործունեություն է։ Իրավապահները պետք է պարզեն, թե ով է զբաղվում ապատեղեկատվության տարածմամբ և համապատասխան գնահատական տան այդ երևույթին", - ընդգծել է Փաշինյանը ։