Արմինֆո.ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ եւս հետախուզում է հայտարարվել՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով:
Արտյոմ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար (38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-311-րդ հոդված): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ, որը "Գալաքսի" ընկերությունների խմբի համահիմնադիրն է եւ «Յուքոմի» տնօրենների խորհրդի նախագահը: Նա մեղադրվում է կաշառք փոխանցելուն եւ կոռուպցիոն բնույթի գործողություններին օժանդակելու համար: