Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել համաքաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ: Հայաստանի ՄԻՊ գրասենյակի հաղորդման համաձայն, պաշտպանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար բոլորս պետք է լինենք համախմբված։ Եկե՛ք գործենք միասնաբար, ցուցաբերենք պատասխանատվություն այս վիրուսի դեմ կանոնների պահպանության հարցում հանուն մեր երեխաների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների՝ ժամ առաջ բնականոն կյանքին վերադառնալու համար։
Կորոնավիրուսի դեմ գիշեր ու ցերեկ պայքար մղող տարբեր ոլորտների մեր մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցիալական ցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի փոփոխությունն ու իրական պատասխանատվությունն իրար հանդեպ: Վստահ եմ՝ որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը: Պատմության ընթացքում մենք բազմիցս կարողացել ենք ցուցաբերել համախմբվածություն և միասնաբար հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակները։ Օրացույցային տարվա ընթացքում մենք բազմաթիվ հիշարժան օրեր ունենք, որոնց մասին խոսելիս հպարտություն ենք ապրում մեր կերտած անհավանական հաղթանակների համար։ Այդ հիշարժան օրերի ցանկում ևս մեկն ավելացնելն այսօր մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է՝ որպես համախմբվածության և միասնակության արդյունք։
Պահպանե՛նք այս վիրուսի կանխարգելման կանոնները, հո՛գ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք, ապաքինվել է 3454 մարդ, մահացել է՝ 170-ը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 հիվանդ: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտումը զանգվածային բնույթ է կրում, եւ ամբողջ հանրապետությունում արձանագրվում են բանկերի, "Հայփոստի" բաժանմունքների մոտ եւ շուկաներում քաղաքացիների զանգվածային կուտակումների դեպքեր: Մարզպետները քաղաքացիներին կոչ են արել հայտնել բոլոր նման դեպքերի մասին՝ խոստանալով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր իրավախախտներին: