Արմինֆո. "Վերջին օրերին կառավարությունը փորձում է կորոնավիրուսի տարածման համար պատասխանատվությունը բարդել "անպատասխանատու քաղաքացիների" վրա, ինչն անընդունելի է", - ԱԺ ամբիոնից հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
"Կառավարությունը բարոյական իրավունք չունի նման կերպ վարվել։ Այո, քաղաքացին պարտավոր է կատարել պարետատան բոլոր պահանջները։ Սակայն, ի՞նչ են արել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի համար պատասխանատու մարմինները: Արդյո՞ք նրանք արել են այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի վարակը դադարեր տարածվել",- հարց է տվել Զոհրաբյանը։
Նա նշել է, որ նախարարները համաճարակի հենց սկզբից հակասական հայտարարություններ են արել, այդ թվում՝ առողջապահության նախարարը։ "Արդյունքում՝ քաղաքացին կարող էր, պարզապես, խճճվել։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, քաղաքացիներին դատապարտելու ժամանակը չէ։ Մենք հայտնվել ենք անկառավարելի իրավիճակում, և կառավարությունը պարտավոր է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները և սկսել պայքար այդ մարտահրավերի դեմ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Ես գիտեմ, որ մի խումբ բժիշկներ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ՝ ցանկացած ձևաչափով, նույնիսկ՝ առցանց։ Բժիշկները ցանկանում են իրավիճակից դուրս գալու տարբերակներ առաջարկել։ Լսեք նրանց, մի կարծեք, թե միայն դուք կարող եք անսխալ որոշումներ կայացնել: Հասկացեք, որ այս պայքարում չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, եթե մենք չկարողանանք շտկել իրավիճակը, ապա կպարտվի մեր ողջ պետությունը", - եզրափակել է Զոհրաբյանը։