Արմինֆո. Արցախյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակում առանձնապես լուրջ փոփոխությունների նախադրյալներ ես այսօր չեմ տեսնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը ։
<Բանակցություններում լուրջ փոփոխություններ հնարավոր կլինեն միայն Հայաստանի օրինակով Ադրբեջանում ամբողջական իշխանափոխության, հարևան երկրում նույնքան ժողովրդավարական ուժերի իշխանության գալու դեպքում, որքան Հայաստանի վարչապետն ու նրա շրջապատն է։ Համոզված եմ, որ քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում Իլհամ Ալիևը, նա միշտ խնդիր է ունենալու պահպանելու իր դեմքը>, - ընդգծել է նա։
Սաֆարյանի նման համոզմունքի համար հիմք են ծառայում Ալիևի բազմակի խոստումները սեփական ժողովրդին՝ բանակցային կամ ռազմական ճանապարհով վերադարձնել բոլոր տարածքներն առանց բացառության։ Այս առումով բանակցություններից ինչ-որ ակնկալիքներ ունենալ, ըստ վերլուծաբանի, պետք չէ՝ առաջին հերթին հաշվի առնելով դեռեւս 1998 թվականին նման օրակարգ դիտարկելու Հայաստանի մերժումը։
Մայիսի վերջին հարկադիր վերաբնակիչների հետ հանդիպման ժամանակ Ալիեւը բացարձակ վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ <արդեն ցուցադրված ռազմական հզորության> միջոցով: <Այսօր Ադրբեջանն այնպիսի հզոր բանակ է ստեղծել, որ կարող ենք կատարել ցանկացած խնդիր։ Թող ոչ ոք կասկած չունենա ։ Պարզապես մենք պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը ՝ խնդիրները լուծելու համար>, - վստահեցրել է նա ։
Նշելով Ալիևի հերթական փորձերն իր զինանոց վերադարձնել հակամարտության լուծման համար ուժի կիրառման սպառնալիքը ՝ Սաֆարյանը ենթադրել է, որ Ադրբեջանի նախագահն շատ լավ հասկանում է, որ ինքն է բանակցությունները խոր փակուղի մտցրել ՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմ։ Եվս մեկ նման փորձ, ըստ վերլուծաբանի կանխատեսումների, ճակատագրական կդառնա ինչպես բուն Ադրբեջանի, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի համար։