Արմինֆո. Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այսպես է արձագանքել Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը։
<Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի՝ ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: Որքան Թուրքիայի իշխանությունները ջանք են թափում ժխտելու ճշմարտությունը, այնքան ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը և դառնում հասարակական գիտելիք:
Պրահայի ամենահայտնի Կարլի կամուջի վրա է տեղակայված 1714թ․-ին քանդակագործ Ֆերդինանդ Մաքսիմիլիան Բրոքովի կերտած արձանը՝ նվիրված սրբացված ասպետներին, որոնք միջնադարում փրկում էին օսմանցիների ձեռքն ընկած քրիստոնյա գերիներին։ Ասպետների քանդակներից ներքև զետեղված է նաև յաթաղանով զինված թուրքի հայտնի քանդակը, որը հսկում է բանտում չարչարվող քրիստոնյաներին։ Այդ քանդակը բազմաթիվ պրահյան զրույցների և պատումների թեմա է դարձել․ ասենք, որ զբոսաշրջիկները պետք է զգուշանան գիշերով այդ քանդակի կողքով անցնելիս, կամ երեխաներին ծնողները վախեցնում էին, որ եթե չքնեն, թուրքը կգա, իրենց կտանի։ Ցավում եմ, որ 300 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, և մինչև այսօր Թուրքիան սպառնալիքների լեզվով է խոսում>,- ասել է Հովակիմյանը։
Նշենք, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 2017թ. ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խիստ է արձագանքել Չեխիայի Սենատի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձեւի ընդունմանը, որը դատապարտում է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության դեմ իրագործված հանցագործությունները, այդ թվում' Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 20-ին այս փաստաթղթի ընդունումը կրկին վկայում է այն մասին, որ Չեխիայում պահպանվում է <այլասերված մենթալիտետը, որը հենվում է անհիմն միակողմանի փաստարկների վրա>, որոնք դեռևս 2017 թվականին վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին։