Արմինֆո. Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ԱրմԻնֆո-ն ավելի վաղ հաղորդել է, ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել մայիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ դեռևս չպարզված հանգամանքներում: