Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել Է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Նախաձեռնությունն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմինն է, որն այգու հողամասերի սեփականաշնորհման գործարքներում խախտումներ է հայտնաբերել։ Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ապրիլի 27-ին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու հատկանիշներով», - գրել է մամուլի քարտուղարը։
Այդ առնչությամբ մանրամասներ են հրապարակվել hetq.am-ի հետաքննությունում: Աղբյուրի համաձայն, «Երազ» այգում, ընդհանուր առմամբ, 8622 քմ մակերեսով հողատարածք է սեփականաշնորհվել 2008 թվականին։ Ընդ որում, սեփականաշնորհումից համայնքը եկամուտ չի ստացել։ «Երազ» այգու այդ հողամասերը սեփականաշնորհել է «Միկմետալ» ՓԲԸ-ն, որի 75 %-ի բաժնետերն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ մնացած 25 %-ը պատկանում է նրա հորը՝ Միխաիլ Հարությունյանին։ «Երազ» այգու տարածքների սեփականաշնորհումը կատարվել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ի Հ27/7 ՊՓ որոշմամբ։ Մինչդեռ, փորձագետները նշում են, որ Զախարյանը տարածքի սեփականաշնորհման թույլտվություն տալու իրավունք չուներ, քանի որ այն, «Հողային օրենսգրքի» համաձայն, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հող: «Երազ» այգում վերջին տարիներին կառուցապատում է իրականացվել։ Այգում գործում են բացօթյա ռեստորան, սրճարաններ, մանկական զվարճանքի կենտրոններ: Այգում գտնվող լողավազանում ձմռան ամիսներին գործում է նաև սահադաշտ։