Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին ՝ Գուրգեն Խաչատրյանը, կալանավորվել է ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Այս տեղեկությունը հայտնի է դարձել նախօրեին։
Գուրգեն Խաչատրյանը, ով <Գալաքսի> ընկերությունների խմբի համահիմնադիրն է եւ Ucom խոշոր հեռահաղորդակցային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը բազմիցս խուզարկություններ Է իրականացրել Խաչատրյանների ընտանիքի գրասենյակներում եւ բնակարաններում, ինչպես նաեւ Ucom ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակում:
Անցած շաբաթ Ucom-ի սեփականատերերը, որոնք գտնվում են քննության տակ,
իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին մեղադրել են սեփականատերերի նկատմամբ ճնշման փորձերի մեջ՝ ընկերության օտարում հարկադրելու նպատակով: Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն:
Բացի այդ, կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Նշվել է նաև, որ կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե։
Հավելենք, որ«Յուքոմ» ընկերության վերջնական շահառուն նախկին սուպերնախարար, ֆինանսների եւ պետեկամուտների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է: Այսօր, ինչպես Գագիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդիներն ու զարմիկը ("Գալաքսի" սեփականատերերը) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ամբողջ կյանքում լինելով պետական պաշտոնյա ՝ Խաչատրյանը դարձել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ «Յուքոմ» ընկերությունը մինչեւ "թավշյա հեղափոխությունը" վայելում էր հսկայական ոչ ֆորմալ արտոնություններ և բոլոր տարիներին, չնայած գործառնական շահույթին, աշխատում էր հսկայական հաշվեկշռային վնասներով և որպես հետևանք՝ չէր վճարում շահութահարկ։