Արմինֆո. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ի սկզբանե իր առջև դրել է նեղ, սահմանափակ խնդիր, որի նույնիսկ ամբողջական լուծմամբ հնարավոր չի լինի ստանալ իրական պատկերը և բացահայտել հիմնական մեղավորներին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Սասնա ծռեր> համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
<Հանձնաժողովը քննում է բացառապես ապրիլյան պատերազմի ռազմական չափումը։ Հարցեր են ուղղվում հակառակորդի հետախուզական տվյալների, զինուժի կուտակումների, այդ կապակցությամբ կայացված որոշումների, դրանց համարժեքության մասին։
Քննվում է սպառազինության առկայության եւ մարտական ապահովման հարցը։ Մինչդեռ, դավաճանությունը, ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունը՝ պատերազմով Ադրբեջանին տարածքներ հանձնելու և ռուսական զորքեր բերելու համար պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու նպատակով, տեղի է ունեցել աշխարհաքաղաքական և քաղաքական չափումների մեջ>,- ընդգծել է նա։
Այս առումով Սեֆիլյանը կարծում է, որ հանձնաժողովի նման մոտեցումն ի սկզբանե դատապարտված է ձախողման եւ հիմնական մեղավորների՝ հետաքննությունից եւ, համապատասխանաբար, պատժից խուսափման: Այդ պատճառով <Սասնա ծռերը> հանձնաժողովը դիտարկում է՝ որպես իրական մեղավորների անունները կոծկելու միջոց ։ Իսկ մեղավորները, ըստ նրա, Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն է, որի հետ համատեղ ռազմավարական որոշումներ է կայացրել ու իրականացրել ։
Սեֆիլյանն ընդգծել է, որ հանձնաժողով, Սարգսյանն ու ապրիլյանի պատերազմի մյուս հանցագործներն աշխատում են համագործակցաբար՝ լրացնելով ու ամբողջացնելով իրար: Սարգսյանն իր շրջապատի հետ միասին այս աշխատանքում ձգտում է անճանաչելիության աստիճանի լղոզել իր մեղքը Ապրիլին պատերազմում մարդկային և տարածքային կորուստների համար։
Գործող իշխանությունը, նրա գնահատմամբ, իր հերթին ձգտում է պահպանել գոյություն ունեցող կրեմլահպատակ կիսագաղութային համակարգը։ Երկրի քաղաքական կյանքը պահելով նախկինների և ներկաների միջև պայքարի տիրույթում՝ երկուսն էլ ընդհանուր խնդիր են լուծում ՝ զսպում են առողջ ու նոր ուժերի քաղաքական ամբիցիաները։
<Այս առումով նույնիսկ եթե մենք լսենք հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը՝ այն բաժակաճառի նման մի բան կլինի ։ Թեև շատ հնարավոր է նաև զեկույցի գաղտնի մասի առկայությունը, ինչպես դա եղավ 1992 թ. Շահումյանի անկման պատճառները քննող Գերագույն խորհրդի հանձնաժողովի աշխատանքի ամփոփման ժամանակ: 2016-ի ապրիլի քննության նպատակով հարուցված քրեական գործեր չկան, և այս իշխանության օրոք չեն լինի>, - ամփոփել է քաղաքական գործիչը։