Արմինֆո.ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է իր մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասների մասին:
Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ծեծկռտուքի պատճառը եղել է իր հասցեին արված անպարկեշտ արտահայտությունը։ Նրա ասելով, "Ադեկվատ" շարժման անդամ Արթուր Դանիելյանն իրեն թույլ է տվել անպարկեշտ արտահայտություն, ինչի արդյունքում տուժել են ինչպես Դանիելյանի, այնպես էլ Ալեն Սիմոնյանի քթերը։ "Բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է", - հավաստիացրել է ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ ինքն այժմ ոստիկանության աշխատակիցների հետ է։
Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արագ արձագանքման 2 խումբ է ուղարկել Սիմոնյանին եւ Դանիելյանին տեսակցելու: Ալեն Սիմոնյանը գտնվում է "Նաիրի" բժշկական կենտրոնում, իսկ Արթուր Դանիելյանը՝ "Էրեբունի" բժշկական կենտրոնում: Արագ արձագանքման ևս մեկ խումբ գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, նրանք պատրաստվում են զրուցել բերման ենթարկված անձանց հետ:
Նշենք, որ այսօր Երևանի կենտրոնում Ազգային ժողովի փոխխոսնակ և "Ադեկվատ" շարժման անդամ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել, ինչից հետո շրջանառվում են կատարվածի տարբեր վարկածներ: Դեպքի վայրից փախուստի դիմած "Ադեկվատ" խմբի անդամները հայտարարել են, որ Սիմոնյանը հարձակվել է իրենց վրա, իսկ փոխխոսնակը պնդում է հակառակը: