Արմինֆո. Երևանի ավագանին համաձայնության է տվել Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ որոշմանը։ Հուշարձանը կկանգնեցվի՝ ի նշան Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման: Հուշարձանի տեղափոխման եւ տեղադրման բոլոր ծախսերը պատրաստ է ստանձնել հնդկական կողմը:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:-