Արմինֆո."Ապրիլյան հանձնաժողովի" անդամներին հուզող բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։
Այդ մասին ապրիլի 27-ին "ապրիլյան հանձնաժողովի" աշխատանքին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, ով 2016թ. ապրիլի մարտական գործողությունների ժամանակ զբաղեցնում էր Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը։ Նա հավելել է, որ բոլոր պատասխանները եղել են անմիջական ու անկեղծ, ներկայացվել է այն իրականությունը, որը եղել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք ապրիլյան գործողությունների ընթացքում եղել են այնպիսի բացթողումներ, որոնք կարող էին ազդել պատերազմի ընթացքի վրա, Մնացականյանը, մասնավորապես, պատասխանել է. "Անշուշտ, ոչ։ Միանշանակ, Արցախի պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները։ Հաղթել է"։
Մնացականյանի խոսքով՝ թերություններ լինում են ամենուր, որքան շատ աշխատանք է կատարվում, այնքան ավելի շատ թերություններ են լինում։ Դրա հետ մեկտեղ, նա չի պատասխանել այն ժամանակ օպերատիվ-հետախուզական գծով տեղեկատվության անբավարարության մասին հարցին, նշելով, որ այդ տեղեկատվությունը հրապարակելու կամ չհրապարակելու հարցը պետք է որոշի հանձնաժողովը:
Արցախի գործող ոստիկանապետը նաև հերքել է ապրիլյան քառօրյայի ընթացքում 100 զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը: Մնացականյանն ընդգծել է, որ ապրիլի 2-5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել, ունեցել է 75 զոհ, որոնցից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել: Նա բացասական պատասխան է տվել նաեւ հնարավոր ներքին դավադրության մասին հարցին։ Իսկ այն հարցին, թե, այնուամենայնիվ, որքան տարածք է կորցրել հայկական կողմը ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ թվերը մշտապես տարբեր են, Մնացականյանն ասել է, որ իրենց գնահատականներով՝ մինչև 400 հա (2016 - ին նշվում էր մինչև 800 հա - խմբ.)։
Հիշեցնենք, որ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: Հանձնաժողով ներկայացել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Մինչդեռ, գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովի նիստին: