Արմինֆո. Երեւանի եւ Թեհրանի միջեւ բազմաթիվ նախագծեր այսօր սառեցվել են Իրանում բարդ տնտեսական իրավիճակի պատճառով: Ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակը և ԱՄՆ պատժամիջոցները լրջորեն կդժվարացնեն այդ նախագծերի իրականացումը հետագայում։ Այդ մասին հայտարարել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության թեմայի քննարկման ժամանակ։
Փորձագետը հայտարարել է, որ ապրիլի 22-ին Իրանը տիեզերք է դուրս բերել իր առաջին "Նուռ" ռազմական արբանյակը, ինչը վկայում է այն մասին, որ Թեհրանը հավակնում է տարածաշրջանում առաջատարի դիրք զբաղեցնել: "Այս համատեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ-ը մտադիր է հունիսին բանակցություններ սկսել Իրաքի տարածքից իր զորքերը դուրս բերելու շուրջ։ Իհարկե, այդ գործընթացը չի կարող արագ լինել, և ԱՄՆ-ը կփորձի չկորցնել իր ազդեցությունն Իրաքում։ Տարածաշրջանում ցանկացած լարվածություն ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա", - ընդգծել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով Իրանում կորոնավիրուսը սկսել է շատ արագ տարածվել, եւ այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոշել են օգնություն ցուցաբերել Իրանին: Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե, հնարավոր է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցներ չեղարկվեն: Ավելին, Իրանի ղեկավարությունն առաջին անգամ դիմել Է ԱՄՀ-ին ՝ խնդրելով 5 մլրդ դոլար պարտք կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար։ ԱՄՀ-ում հատուկ դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ը եւ վերջին խոսքը նրանն է, ու, եթե Վաշինգտոնն Իրանին հնարավորություն տա ստանալ պահանջվող գումարները, ապա դա գոնե ինչ-որ հիմք կհանդիսանա երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար եւ Իրանին կօգնի ավելի արդյունավետ պայքարել համավարակի դեմ", - նշել է Իսկանդարյանը: