Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի ուղերձը խրախուսում է ժխտողականության քաղաքականությունը։ Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այս տարի Թրամփն իր ուղերձում կրկին Ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործել է "Մեծ Եղեռն"։
ԱՀՀ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի աշխատակազմի ուղեերձը չի համապատասխանում անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին: "Թեեւ մենք ողջունում ենք վարչակազմի՝ խոցելի կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հանձնառությունը, մենք գիտենք, որ փորձը ցույց է տալիս, որ գործողությունները խոսքերից ավելի բարձր են: Թուրքիայի փոքրամասնությունները դեռեւս սպառնալիքի տակ են, եւ շատ բան դեռ կարելի է անել Թուրքիայում իրավապաշտպանների եւ լրագրողների հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար: Հայոց ցեղասպանության լույսի ներքո այսօրվա խնդիրների քննարկումը պատշաճ ենթատեքստ է տալիս Թուրքիայում պահպանվող խնդիրները հասկանալու, ինչպես նաեւ դրանց հաղթահարման ռազմավարության համար: Վարչակազմը կարող է, գոնե, միանալ Հասան Ջեմալին՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի թոռանը 1915 թվականին կատարված հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման հարցում", - ընդգծվում Է հայտարարության մեջ: