Արմինֆո.Կառավարության 2004 թվականի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որոնք ընդունվել են այսօրվա նիստում:
Այսուհետև`պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն, պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը պետական բյուջեի մի քանի ծրագրերով թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը իրականացվելու է կանխավճարային սկզբունքով:
Նիստի ընթացքում ընդունվել է նաև 2013 թվականի կառավարության N 806-Ն որոշման փոփոխությունները, ըստ որի` պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար:
«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին նշել է, որ վերոնշյալ ծրագրի արժեքը կազմում է 300 մլն դրամ, եւ այդ գումարը նախկինում նախատեսվում էր ներգրավել Պահուստային ֆոնդի կամ կառավարության կողմից հավաքագրված միջոցների հաշվին: Սակայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ Պահուստային ֆոնդի վրա մեծ հույսեր դնել չարժե, քանի որ միջոցներն ուղղվում են ներկա իրողություններում ծագած բազմաթիվ հարցերի լուծմանը ։ Նա նաև հիշեցրել է, որ 2019-ին, 2018 - ի համեմատ, ընդհանուր ծախսերն աճել են 7% - ով, մինչդեռ առողջապահության ոլորտի ծախսերը ՝ 22% - ով: