Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Երկուստեք կարևորվել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: