Արմինֆո. Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը եւ Արչիլ Տալակվաձեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են COVID-19-ին առնչվող իրավիճակը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի ԱԺ նախագահը:
«Հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։
Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտակար լինել իրար համար այս դժվարին օրերին», - գրել է Արարատ Միրզոյանը:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը հասել է 296-ի, որոնցից 68-ն ապաքինվել է, երեքը մահացել են: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1067 դեպք, ապաքինվել է 265 մարդ, մահացել է՝ 16-ը: