Արմինֆո. Ապրիլի 14-ին Երեւանում երթուղային տաքսիների վարորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աջակցություն ցուցաբերել արտակարգ դրության ռեժիմի լույսի ներքո ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Լրագրողների հետ զրույցում նրանք հիշեցրել են, որ արտակարգ դրության առնչությամբ հասարակական տրանսպորտի աշխատանքն արգելվել է, ինչի արդյունքում իրենք զրկվել են իրենց ընտանիքներին կերակրելու հնարավորությունից։ Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը, նրանց կարծիքով, կարող է սրել իրավիճակը, քանի որ իրենք կշարունակեն մնալ առանց աշխատանքի։ Նշվում է, որ հարկադիր պարապուրդի վիճակում են հայտնվել երթուղայինների ավելի քան 200 վարորդներ, ընդ որում, նրանց վրա չի տարածվում սոցիալական աջակցության ներկայիս ծրագրերից ոչ մեկը: Իսկ գործատուները, նրանց խոսքով, այս իրավիճակում միայն պատրաստակամություն են հայտնեում կառավարական օգնության դեպքում այն հանձնել հասցեատերերին: Իրավիճակը բարդացնում է այն, որ որոշ վարորդներ այս պայմաններում ստիպված են վճարել բնակարանի վարձ կամ փակել վարկերը։ Այս կապակցությամբ երթուղային տաքսիների վարորդները կառավարությանը կոչ են արել ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Իր հերթին՝ "ՄՈՒԱԹ" ՓԲԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան հարցումներ են ուղարկվել քաղաքապետարան, կառավարություն և պարետատուն' մինչև հասարակական տրանսպորտի գործունեության արգելումը, երբ կորոնավիրուսի պատճառով նկատվում էր ուղևորահոսքի նվազում: Մինչդեռ այսօրվա դրությամբ հարցերն այդպես էլ չեն լուծվել։ "Պարետատունն ասում է՝ դիմեք քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը՝ որ այդ հարցը իրենց լիազորություններից դուրս են։ Մինչդեռ վարորդներին պետք է ինչ-որ բանով ապրել, նրանց անհրաժեշտ է աշխատանք, օժանդակություն: Մենք չենք ընկնում աջակցության 11 ծրագրերից որեւէ մեկի տակ։ Նույնիսկ եթե հասարակական տրանսպորտի արգելքը հանվի, մեզ կարող է ձեռնտու չլինել աշխատել ուղեւորների թվի կտրուկ նվազման պատճառով",-նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը: Սահմանված սահմանափակումները տարածվում են նաեւ հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա։