Արմինֆո. Մենք Հայաստանի կառավարությանը խորհուրդ կտանք երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի ժամկետները։ Այդ մասին ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել է համաճարակային իրավիճակի պատճառով, գործում է մարտի 16-ից ապրիլի 14-ը: Թորոսյանի խոսքով՝ դրա երկարաձգումն անհրաժեշտ է իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։ Նախարարը նաեւ նշել է, որ կյանքի սովորական ռիթմին չպետք է վերադառնալ դեռ երկար ժամանակ՝ մեկ-երկու տարի, այդ թվում' սոցիալական հեռավորության պահպանման եւ անձնական հիգիենայի կանոններին հետեւելու առումով:
Թորոսյանը նաեւ կոչ է արել կորոնավիրուսին առնչվող իրավիճակը չգնահատել թվային ցուցանիշներով, հատկապես՝ հաշվի առնելով COVID-19-ի նոր դեպքերի նվազումը: Նրա խոսքով ՝ նոր դեպքերի վերաբերյալ տվյալները կարող են աճել, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին օրերին փողոցներում կրկին կարելի է տեսնել քաղաքացիների կուտակումներ:
Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով հիվանդներից շուրջ 180-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ կորոնավիրուսով 8 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 40 - ը՝ ծանր վիճակում: Հայաստանում COVID-19-ի մահացության ցուցանիշը կազմում է մոտ 1 տոկոս, ընդ որում, վարակի զոհերի միջին տարիքը կազմում է 75, եւ նրանց մեծ մասը տառապում էր նաեւ քրոնիկ հիվանդություններով: Այսօրվա դրությամբ, հանրապետությունում առկա է ԹԱՕ 200 սարք, որոնք առանձնացված են բացառապես կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, եւս 50 սարք կստացվի մեկ ամսվա ընթացքում:
Առողջապահության նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի շուրջ 6500 թեստավորում: Նախարարը նաև հայտարարել է ամենօրյա կտրվածքով անցկացվող թեստերի թիվը 1000-ի հասցնելու ծրագրերի մասին:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացել են շուրջ 1700 բուժաշխատողներ ։ Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ հանրապետությունը հնարավորինս աջակցություն է ցուցաբերում Արցախին, որտեղ ևս հայտնաբերվել են COVID-19-ի դեպքեր: