Արմինֆո. Թուրքիայից յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիներ Հայաստան կտեղափոխվեն Վրաստանի տարածքով: Այդ մասին ասվում է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որի տեքստն ԱրմԻնֆո-ին տրամադրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերթություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է» - հայտարարել է մամլո խոսսնակը:
Անդրադառնալով Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահի առաջարկությանը՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»: