Արմինֆո.Ինքնամեկուսացած քաղաքացիները չեն կարողանա խաբել գեոլոկացիայի հաստատման հատուկ ծրագրին։ Ինչպես ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հաղորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշակվել է հատուկ համակարգ, որի շնորհիվ COVID - 19 հիվանդների շփումների շրջանակը կարելի է պարզել հեռախոսազանգերի վերլուծության միջոցով:
Ստացված տվյալները համադրվելու են բուժանձնակազմի կողմից հիվանդի անցկացրած հարցման արդյունքների հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով հիվանդներից ոմանք միտումնավոր թաքցնում են շփվող անձանց մասին տեղեկատվությունը: Այսպիսով, համակարգը կօգնի լրացնել այդ բացը: Հիվանդի շփման շրջանակի քաղաքացիներն ինքնամեկուսացվելու են, որից հետո պետք է պարբերաբար տեղեկատվություն տրամադրեն իրենց ընթացիկ առողջական վիճակի մասին: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, նրանք կապահովվեն սննդով։ Եթե առողջության վերաբերյալ պատասխանները ցույց տան տագնապային ախտանիշների առկայություն, ապա անձի հետ կկապվեն բուժաշխատողները եւ հեռակա կրկնակի հարցում կանցկացնեն: Ախտանիշների հաստատման դեպքում այդ մասին կտեղեկացվեն Առողջապահության նախարարության աշխատակիցները՝ կորոնավիրուսի թեստի անցկացման համար: Բադալյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ համակարգը թույլ է տալիս պարզել ինքնամեկուսացված քաղաքացու գեոլոկացիան կարճ հաղորդագրությունների միջոցով: Համակարգին հնարավոր չէ խաբել, նույնիսկ, եթե կոնկրետ անձը տանը թողնի սմարթֆոնը: Բանն այն է, որ հաղորդագրությունների պարբերականությունը կարգավորվում է պատահականության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա իմանալ, թե երբ է գալու հերթական հաղորդագրությունը։ Եթե համակարգը բացահայտի անձի բացակայությունը ինքնամեկուսացման վայրից, ապա տվյալ հաղորդագրությունն ավտոմատ կերպով կուղարկվի ոստիկանություն: Ռեժիմը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ միջադեպերի կրկնության դեպքում ՝ հարկադրաբար կուղարկվեն մեկուսացման գոտի ։ Համակարգը մշակվել է հայ ծրագրավորողի կողմից ՝ կամավոր հիմունքներով, և իր աշխատանքն սկսել է ամբողջ ծավալով ապրիլի 7-ից։ Բադալյանը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո համակարգի հավաքած բոլոր տվյալները, ինչպես նաեւ սերվերները ոչնչացվելու են՝ կանոնակարգի համաձայն: Ընդ որում, այդ գործընթացին, ցանկության դեպքում, կարող են ներկա գտնվել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ուշագրավ է, որ երկրում գործող բոլոր բջջային օպերատորները համաձայնել են աջակցություն ցուցաբերել ինքնամեկուսացված քաղաքացիներին անվճար ինտերնետի միջոցով՝ կարանտինի ողջ շրջանում։