Արմինֆո.Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս։ Այդ մասին այսօր առցանց հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ մի քանի օր առաջ իրեն ցուցադրվել է արդեն փորձարկված նմուշ, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Ընդ որում, վարչապետը հավելել է, որ այդ նմուշի առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ դա գերժամանակակից արտադրություն է, այլև այն, որ այն զրոյից հավաքվել է ՀՀ-ում։ Փաշինյանը փաստել է, որ այն մշակումը, որն արդեն անցել է փորձարկում, վկայում է ՀՀ-ում անհրաժեշտ մասնագետների առկայության մասին: "Դա գերժամանակակից, բարձր ճշգրտությամբ արտադրություն է։ Տեսնելով մեր մասնագետների կարողությունները՝ ես այդ արտադրանքի պետպատվերի ցուցում եմ տվել, և մենք հույս ունենք հետագայում այդ նմուշով կամ դրա մոդիֆիկացմամբ դուրս գալ միջազգային շուկա", - ամփոփել է Փաշինյանը, նշելով, որ ռազմարդյունաբերական համալիրի նման արտադրանքը կարող է դառնալ երկիր արտարժութային մուտքերի աղբյուր։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանը բարձրտեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրանք տվող եւ արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թվականին պետբյուջեով նախատեսվում է նախարարությանը հատկացնել շուրջ 12,5 մլրդ դրամ: Այսպես, նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ 2020 թվականին ռազմարդյունաբերական համալիրի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների և երկրի թվայնացման ոլորտներում նախագծերի իրականացմանը Հայաստանի պետական բյուջեից ուղղորդվելու է 12,5 մլրդ դրամ։ Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար ծախսերը կավելանան 122 տոկոսով, կազմելով 6,3 մլրդ դրամ, որոնց մի մասն ուղղորդվելու է գիտատեխնիկական եւ կոնստրուկտորական հետազոտությունների անցկացմանը, իսկ մյուս մասը ՝ արտադրական հնարավորությունների զարգացմանը ՝ հաշվի առնելով պաշտպանական գերատեսչության պահանջները եւ պատրաստի արտադրանքի ելքը միջազգային շուկաներ: