Արմինֆո."Red Wings" ավիաընկերության չվերթով Հայաստանի 220 քաղաքացիներ Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանից ժամանում են Երեւան: ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն ՝ այս չարտերային չվերթով Հայաստան են ուղարկվել այն քաղաքացիները, ովքեր մի քանի օր շարունակ օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցներում սպասում էին թռիչքի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ապրիլի 2-ին "Դոմոդեդովոյից" դեպի Երևան չվերթի չեղարկման պատճառով մի խումբ քաղաքացիներ հայտնվել էին անելանելի վիճակում: Ուղևորներին օգնության էր հասել Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Շահեն Պետրոսյանը, ով տաք սնունդով ապահովել էր մի քանի տասնյակ հայրենակիցների, իսկ հետո տեղավորել հյուրանոցում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հավաստիացնում էին, որ մշտական կապի մեջ են իրենց հայրենակիցների հետ և օգնություն են ցուցաբերում նրանց, մինչդեռ ուղևորները հավաստիացնում էին, որ դիվանագիտական ներկայացուցչությունից օգնություն չեն ստացել և չեն կարողացել զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին:
Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաղորդել էր, որ այսօրվա դրությամբ, մոտ 2000 ՀՀ քաղաքացի ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն դրա համար դեռևս պատշաճ հնարավորություն չկա: