Արմինֆո. Ըստ օմբուդսմենի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Շրջակա միջավայրի նախարարության մշակած օրինագիծը անհիմն հրաժարվելու ռիսկեր է պարունակում:
Ելնելով մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումից' օրինագիծը չի արտացոլում շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը: Այսպիսով, այն գործնականում կարող է հանգեցնել շրջակա միջավայրի մասին տեղեկատվության տրամադրման անհիմն մերժմանը: Օմբուդսմենը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված շրջակա միջավայրի պահպանության քաղաքացիական վերահսկողությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով ։
Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարությունը բարձրաձայնել է իր դիրքորոշումը, նշելով, որ օրինագծի միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության մակարդակի բարձրացումն է, և նախարարությունը որևէ այլ նպատակ չի հետապնդում։ «Առաջարկվող փոփոխությունը բխում է կառավարության դեռևս 2018 թվականի փետրվարի 22-ի N7 արձանագրային որոշմամբ հաստատված Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունից։ Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը: Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։ Քանի որ, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասն արդեն իսկ ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետով սահմանված մերժման հիմքը։ Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ը) կետով ամրագրված է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ (Օրհուսի կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածի կետի բառացի թարգմանություն): Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։ Ի դեպ, այս կարգավորումներն է՛լ ավելի արդիական են դառնում նախարարությունում մոնիթորինգի համակարգի հզորացման տեսանկյունից, որի արդյունքում նախարարությունում տեղեկությունները (այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներին վերաբերող) լինելու են առավել ամբողջական, ավելի լավ մշակված և համակարգված։
Հ․Գ․ Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել», - ասվում է նախարարության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ: