
ԱրմԻնֆո. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը European Gymnastics-ի գլխավոր տնօրեն Լիզա Վորտմանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հանրապետությունում տղամարդկանց և կանանց մեծահասակների կարգում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Տղամարդկանց և կանանց մեծահասակների կարգում սպորտային մարմնամարզության Եվրոպայի 12-րդ առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Անդրեասյանը կարևորել է European Gymnastics-ի հետ համագործակցությունը և հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել առաջնության բարձր մակարդակով կազմակերպմանը։ Նախարարը նաև անդրադարձել է խոշոր միջազգային մարզական միջոցառումներ անցկացնելու Հայաստանի կուտակած փորձին և միջգերատեսչական համագործակցության ձևավորված մեխանիզմներին, որոնք, ի թիվս այլոց, կիրառվում են առաջիկա առաջնության նախապատրաստման շրջանակում։
ԿԳՄՍ նախարարն առանձին ուշադրություն է դարձրել մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությանը, մասնավորապես՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցմանը, որի ավարտը նախատեսված է 2027 թվականի մարտին։ Նախարարը նշել է, որ շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի մշտական վերահսկողության ներքո։ Խոսելով մարմնամարզության զարգացման հեռանկարների մասին՝ Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի մարմնամարզական հարուստ ավանդույթներ և միջազգային մրցումներում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներ։ Նրա համոզմամբ՝ Եվրոպայի առաջնության անցկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա այս մարզաձևի զարգացման, երեխաների և դեռահասների շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության մեծացման, ինչպես նաև նոր սերնդի մարզիկների մարմնամարզության մեջ ներգրավման համար։
Իր հերթին Վորտմանը նշել է, որ նման մասշտաբի մրցումների հաջող կազմակերպումը պահանջում է զգալի ֆինանսական, տեխնիկական և կազմակերպչական ռեսուրսներ։ Նա դրական է գնահատել նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առանձնահատուկ ընդգծել նոր մարզադպրոցի կառուցման կարևորությունը՝ որպես մարմնամարզության երկարաժամկետ զարգացման գործում նշանակալի ներդրում։ Միջազգային գործընկերները նաև բարձր են գնահատել միջազգային ասպարեզում հայ մարմնամարզիկների հաջողությունները, մարզչական շտաբի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքը։