


ԱրմԻնֆո. Սովը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր, որը մինչ օրս չի դադարել։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահը, «Քրիստոնյաների հետապնդումն ամբողջ աշխարհում. պատասխան նոր մարտահրավերներին» խորագրով լսումների ժամանակ։
Սովը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր
"Սովը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն էր։ Բայց, գիտեք, դա մինչ օրս չի դադարել", - հայտարարել է կոնգրեսականը, որի խոսքերը մեջբերում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Սմիթը հիշեցրել է վկայությունները, որոնց համաձայն՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը կազմակերպված Արցախի շրջափակումը, որը հանգեցրեց սովի, մարդկության դեմ հանցագործություն էր։
Կոնգրեսականը պատմել է, որ երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ Բաքվում և «նրա հետ վիճել է մարդու իրավունքների, այն մասին, թե ինչ է նա արել հայերի և նույնիսկ սեփական ժողովրդի հետ, որի ներկայացուցիչները հայտնվում են բանտերում միայն այն բանի համար, որ պահանջում են պահպանել մարդու իրավունքներն ու հարգել դրանք»։
"Ալիևը շարունակում է մարդկանց բանտեր ուղարկել. հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները, արդեն ավելի քան 1000 օր շարունակում են մնալ Բաքվի բանտերում", - հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից սկսված Արցախի շրջափակումն ավարտվեց նրա ամբողջական հայաթափմամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը միջազգային հանրության լռության և Հայաստանի անգործության պայմաններում ռազմական ագրեսիա իրականացրեց սովահար Արցախի դեմ և գրավեց այն։ Դրան նախորդել էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու ճանաչումը։


