
ԱրմԻնֆո. Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի 2020 թվականի 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանին և մյուս զոհված զինծառայողներին նվիրված հիշատակի անկյուն։ Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Հաղթանակի զբոսայգու պատից քաղաքապետարանի որոշմամբ Ալբերտ Հովհաննիսյանի պատկերով որմնանկարը հեռացնելու կապակցությամբ հասարակական վրդովմունքից հետո։ "Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հաղթանակի զբոսայգում Ալբերտին և մեր մյուս զոհված հերոսներին նվիրված հիշատակի անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով առաջարկված վայրը արժանացել է հերոսի հոր հավանությանը", - գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ներկայում, նրա խոսքով, աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան ձևավորման էսքիզային առաջարկների մշակման ուղղությամբ։ Պատրաստված տարբերակները, ինչպես վստահեցրել է Երևանի քաղաքապետը, կներկայացվեն հերոսի ընտանիքին՝ քննարկման և համաձայնեցման համար։ "Սկզբունքորեն կարևոր է, որպեսզի այս նախաձեռնությունն իրականացվի զոհվածների հարազատների և մտերիմների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, ցանկություններն ու առաջարկները", - ամփոփել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ Ալբերտ Հովհաննիսյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Նա Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրետանային բաժանմունքի հրամանատարն էր։ Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նրան շնորհվել է "Արցախի հերոս" կոչում։ Իր հրանոթի մոտ մարտական դիրքում հայրենիքը պաշտպանող հրետանավորի լուսանկարը պատերազմի ընթացքում տարածվեց ամբողջ աշխարհում և դարձավ պայքարի ու տոկունության խորհրդանիշը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Երևանի Հաղթանակի զբոսայգու պատից Ալբերտ Հովհաննիսյանի պատկերն հեռացնելուց հետո հերոսի հայրը փորձել էր պարզաբանումներ ստանալ և քննարկել դրա պահպանման տարբերակները։ Այն ժամանակ քաղաքապետարանում հայտարարել էին, որ պատկերի հեռացումը կապված է իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։ Այդ կապակցությամբ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հայտարարել էր, որ հանրային պահանջը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ պատկերը չի վերականգնվել։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանը ջնջում է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած երկրի հերոսների որմնանկարները։ Ավելի վաղ նմանատիպ որմնանկարներ ջնջվել էին Երևանի կենտրոնում՝ այն պատրվակով, թե դրանք նկարվել էին առանց համապատասխան որոշման։ Դա արվել էր՝ չնայած հանրային բողոքին և վրդովմունքին։ Ընդդիմադիր գործիչները կարծում են, որ այդ կերպ գործող իշխանությունները փորձում են մոռացության մատնել հայ ժողովրդի այն զավակների հերոսական սխրանքները, որոնք թշնամական ագրեսիայի պայմաններում կռվել են հայրենիքի համար։