


Արմինֆո.2027 թվականից Երևանի Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում (ՌԱԹ) կհայտնվի սեփական արվեստանոց՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Այդ մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է ՌԱԹ-ի տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Ավելի վաղ, նրա ասելով, ՌԱԹ-ի հավաքածուի արվեստի խոշոր գործերը վերականգնվել են Ազգային պատկերասրահի նոր վերականգնողական կենտրոնում: Սակայն հաջորդ տարվանից, ինչպես նշել է Մկրտչյանը, Ռուսական արվեստի թանգարանը կկարողանա ինքնուրույն այդ աշխատանքներն իրականացնել՝ արդեն սեփական պատերի ներսում, քանի որ արվեստի գործերի տեղափոխումը սթրես է:
ՌԱԹ-ի արվեստանոցը տեղակայված կլինի թանգարանի վարչական մասում և հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով: Վերականգնողական աշխատանքները համատեղ կիրականացվեն հայ և օտարազգի մասնագետների կողմից: Ինչպես նշել է թանգարանի տնօրենը, կան կտավներ, որոնք անհրաժեշտ է վերականգնել ռուս վերականգնողների ներգրավմամբ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Երևանի Ա.Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանը, Մշակույթի զարգացման հիմնադրամը և Moment of White նորաձևության բրենդը հայտարարել էին համագործակցության մեկնարկի մասին, ինչը նշանավորվել է ՌԱԹ-ի պատերի ներսում եռակողմ հուշագրի ստորագրմամբ: Համագործակցության նպատակներից մեկը Ռուսական արվեստի թանգարանում վերականգնման արվեստանոցի բացումն էր ՝ պետության և Moment of White-ի ֆինանսական աջակցությամբ: Վերջինս, ոգեշնչված Միխայիլ Վրուբելի "Դևը և Թամարի հոգով հրեշտակը" (1891թ.) գործից, ստեղծել է հավաքածու և ծրագրել է աճուրդի հանել բացառիկ հանդերձանքները: Աճուրդից ստացված միջոցները, ինչպես հայտարարվել էր մեկ տարի առաջ, նախատեսվում էր ուղղել արվեստանոցի ստեղծմանը։


