


Արմինֆո. Հայաստանի ազգային գրադարանի և Ֆրանսիայի արվեստի պատմության ազգային ինստիտուտի (Institut national d 'histoire de l' art - INHA) միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիր, որն ուղղված է գրադարանային գործի, մատենագիտության, գիտական տեղեկատվության և մշակութային ժառանգության ոլորտներում մասնագիտական կապերի զարգացմանը:
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Անն-Սոլեն Ռոլանը:
Կողմերը նախատեսում են գրադարանային փաստաթղթերի և նյութերի փոխանակում, միջգրադարանային աբոնեմենտի կազմակերպում, մասնագետների փոխայցելություններ և փորձի փոխանակում: Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև ձեռագրերի և լուսանկարների հավաքածուների ուսումնասիրությունը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը և գիտական ու մշակութային նախագծերի իրականացումը: Ակնկալվում է, որ հուշագիրը նոր հնարավորություններ կբացի երկու հաստատությունների կողմից մշակութային ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման համար:


