


Արմինֆո. Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 18-ին իր 89-րդ թատերաշրջանը բացել է Իվան Գոնչարովի համանուն վեպի հիման վրա բեմադրված "Սովորական պատմություն" ներկայացմամբ: Վերջին շրջանում ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից և ներկայացվել է մի շարք միջազգային թատերական փառատոններում, այդ թվում՝ Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնում (Մոսկվա):
89-րդ թատերաշրջանի շրջանակներում թատրոնը նախատեսում է շարունակել աշխատանքները նոր ներկայացումների վրա: Տեղի կունենան Անտոն Չեխովի «Երեք քույր» (ռեժիսոր Սուրեն Շահվերդյան) և Ս․Ստրատիևի «Ավտոբուս» (ռեժիսոր՝ ՀՀ ժող․ արտիստ Արմեն Խանդիկյան) ներկայացումների պրեմիերաները։ Տարեվերջին հանդիսատեսին կներկայացվի նաև «Տասներկու ամիս» մանկական ներկայացումը, որի աշխատանքներն արդեն սկսվել են:
Կշարունակվի թատրոնի փառատոնային ակտիվ գործունեությունը: Հոկտեմբերին «Թումաչ ռոմանտիկը» կներկայացվի «Թատերական Լոռի» և Արտաշատի թատերական փառատոներին: Միաժամանակ, բանակցություններ են տարվում մի շարք միջազգային թատերական փառատոնների կազմակերպիչների հետ ՝ թատրոնի ներկայացումները միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակով:
Ռուսական դրամատիկական թատրոնի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի ազդագիրը հագեցած է. թատրոնի բեմում հանդիսատեսին կներկայացվեն ինչպես սիրված հին, այնպես էլ նոր բեմադրություններ՝ «Յամա»՝ ըստ Ա.Կուպրինի, «Համլետ․ Collapse»՝ ըստ Վ. Շեքսպիրի և այլն:


