



Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորակառույց եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Մխիթար և Յուրի Արոյանների միջոցներով՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը ներկա է եղել խորհրդարանական ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Օծման արարողությունից առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը լրագրողներին հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է ապրի խաղաղ, ապահով և անվտանգ կյանքով: "Աստված օրհնի մեր ժողովրդի վաղվա պայծառ կյանքը", - ասել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը:
Ինչ վերաբերում է այդ ճանապարհին առկա դժվարություններին, ապա, ինչպես նշել է Գարեգին Բ-ն, դրանք կհաղթահարվեն ողջ հայ ժողովրդի հետ միասին, ինչը թույլ կտա լուծել երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները:


