



Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել է իր նախագահության շրջանի 25 կարևորագույն ձեռքբերումների ցանկում: Այդ ժամանակահատվածը նա բնորոշել է որպես իր "երրորդ ժամկետ"։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Հայ-ադրբեջանական կարգավորումը հիշատակված է 21-րդ կետում՝ հակամարտությունների թվում, որոնք ԱՄՆ նախագահը համարում է ավարտված: Նույն կետում Թրամփը նշել է Գազայում պատերազմի կարգավորումը։ Այլ ձեռքբերումների թվում նա նշել է ԱՄՆ-ի սահմանի ամրապնդումը, Լեյքեն Ռայլիի օրենքի ընդունումը եւ երկրում սպանությունների թվի նվազումը, նրա պնդմամբ՝ վերջին 125 տարվա նվազագույն մակարդակին:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր են ստորագրել ՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո ռազմական դիմակայությունից հրաժարվելու և խաղաղություն հաստատելու մասին: Կողմերը և միջազգային հանրությունն այդ օրը բնութագրել են որպես կարևոր և պատմական հանգրվան տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման ճանապարհին:


