
ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Լոռու մարզի դատախազության միջնորդությամբ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, իսկ համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ս.Ա.-ն (Սուրեն Ավետիսյան՝ խմբ.), որը 1993-2017 թվականներին զբաղեցրել է Լոռու մարզի Փուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, անձամբ մասնակցել և հաղթող է ճանաչվել համայնքին պատկանող 4 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մրցույթում։ Միաժամանակ Ս.Ա.-ն եղել է մրցույթի կազմակերպիչը և մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ նման պայմաններում նրա մասնակցությունը մրցույթին հակասել է հանրային սակարկությունների մասին օրենքով սահմանված արգելքին։
Քրեական վարույթի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 14-ին որոշում է կայացվել Ս.Ա.-ի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին՝ այն հիմքով, որ լրացել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Միաժամանակ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն՝ պետական շահերի պաշտպանությանն ուղղված պատշաճ միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։ Քննության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ Փուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հողի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդություն է ներկայացրել վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։
Միջնորդության հիման վրա վարձակալության պայմանագիրը լուծվել է։ Կադաստրի կոմիտեում պետական գրանցման արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 11-ին 4 հեկտար մակերեսով և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանը Գյուլագարակ։