
ԱրմԻնֆո. Օտարերկրյա քաղաքացիների մուտքի հասանելիության մակարդակով Հայաստանը 199 երկրների շարքում զբաղեցնում է 53-րդ տեղը, մինչդեռ հայկական անձնագրի վարկանիշը համաշխարհային մասշտաբով 114-րդ հորիզոնականում է։ Այդ մասին վկայում են ամերիկյան Passport Reports («Անձնագրային հաշվետվություններ») վերլուծական հարթակի՝ 2026 թվականի սեպտեմբերին ԱրմԻնֆո ստացված տվյալները։
Աղբյուրի համաձայն՝ այս երկու ցուցանիշներն արտացոլում են հակառակ ուղղությունները․ առաջինը վերաբերում է օտարերկրյա անձնագրերով Հայաստան մուտք գործելու պայմաններին, իսկ երկրորդը՝ հայկական անձնագրով այլ երկրներ մեկնելու հասանելիությանը։ «Հայկական անձնագրի շարժունակության ինդեքսը կազմում է 79 միավոր, իսկ համաշխարհային հասանելիությունը՝ 39,9%։ Հաշվետվությունում 33 ուղղություն դասակարգվում է որպես առանց վիզայի, 42-ը՝ որպես ժամանման վիզայով կամ մուտքի պարզեցված պայմաններով հասանելի, 4-ը՝ մուտքի էլեկտրոնային թույլտվությամբ (eTA), իսկ 119 ուղղության համար պահանջվում է նախապես վիզա ստանալ։ Առանց վիզայի ուղղությունների, ժամանման վիզաների (կամ մուտքի պարզեցված պայմանների) և eTA-ի հանրագումարը տալիս է շարժունակության 79 միավոր ցուցանիշը»,- պարզաբանվում է հաշվետվությունում։
Միաժամանակ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ վերջին երկու տարիներին շարժունակության ցուցանիշը նվազել է։ Մասնավորապես, նշվում է, որ տարեկան վիճակագրության համաձայն՝ հայկական անձնագրի շարժունակության ինդեքսը 2024 թվականին հասել է 84 միավորի, 2025 թվականին կազմել է 81 միավոր, իսկ 2026 թվականին՝ 79 միավոր։ «Համաշխարհային վարկանիշում անձնագիրը 2024 և 2025 թվականներին զբաղեցրել է 107-րդ տեղը, իսկ 2026 թվականին իջել է 114-րդ հորիզոնական։ 2020 թվականին, որը հաշվետվությունում նշված է որպես COVID-19-ի ազդեցության տարի, շարժունակության ցուցանիշը կազմել է 57, իսկ համաշխարհային դիրքը՝ 113-րդ։ 2021 թվականին ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 71 և 106-րդ տեղը, 2022 թվականին՝ 80 և 112-րդ, 2023 թվականին՝ 82 և 111-րդ։ 2026 թվականի պատկերը միաժամանակ ցույց է տալիս պարզեցված մուտքով 79 ուղղություն և 119 ուղղություն, որտեղ պահանջվում է նախապես վիզա ստանալ։ Տարածաշրջանային տվյալներում ամենաբարձր ընդգրկվածությունն արձանագրվել է Կենտրոնական Ասիայում՝ 80,0%, մինչդեռ Եվրոպայում հասանելիությունը սահմանափակ է 14,9%-ով»,- հավելել են հաշվետվությունում։
Կենտրոնական Ասիայի հասանելիության մասով հաշվետվությունում նշվում է, որ Կենտրոնական Ասիայի հինգ ուղղություններից չորսը հայկական անձնագիր ունեցողներին հասանելի են առանց վիզայի, ինչը տարածաշրջանային հասանելիության ընդհանուր մակարդակը հասցնում է 80%-ի։ «Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը ներառված են առանց վիզայի կատեգորիայում, մինչդեռ Թուրքմենստան այցելելու համար վիզա է պահանջվում։ Ղազախստանի և Տաջիկստանի դեպքում մնալու առավելագույն ժամկետը կազմում է 90 օր։ Ամբողջ ասիական տարածաշրջանի հասանելիության ընդհանուր մակարդակը կազմում է 55,1%։ 13 ուղղություն հասանելի է առանց վիզայի, ևս 13-ը՝ ժամանման վիզայով կամ մուտքի պարզեցված պայմաններով, 1-ը՝ eTA-ով, իսկ 22 ուղղության համար վիզա է պահանջվում»,- նշվում է անձնագրային հաշվետվությունում։
Եվրոպայում, ըստ աղբյուրի, ընդհանուր հասանելիությունը կազմում է 14,9%․ 6 ուղղություն առանց վիզայի է, Թուրքիան հասանելի է ժամանման վիզայով կամ համանման պարզեցված պայմաններով, իսկ եվրոպական 40 ուղղության համար վիզա է անհրաժեշտ։ «Ինչ վերաբերում է մյուս տարածաշրջաններին, ընդհանուր հասանելիությունը կազմում է՝ Կարիբյան ավազանում՝ 56,3%, Մերձավոր Արևելքում՝ 52,9%, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Պարսից ծոցի երկրներում՝ 50,0%, Հյուսիսային Ամերիկայում՝ 39,1%, իսկ Օվկիանիայում՝ 28,6%։ Առանց վիզայի երկարատև գտնվելու օրինակներից են՝ Վրաստանը՝ 360 օր, Անտիգուան և Բարբուդան՝ 180 օր, իսկ մի շարք ուղղություններ, այդ թվում՝ Արգենտինան, ԱՄԷ-ն, Բրազիլիան, Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը, թույլ են տալիս գտնվել մինչև 90 օր»,- ասվում է հաղորդագրությունում։
«Հյուրընկալության» վարկանիշում, ինչպես նշում են Passport Reports-ում, Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը, ինչը արտացոլում է օտարերկրյա անձնագրեր ունեցող անձանց համար երկիր մուտք գործելու դյուրինությունը և պետք է դիտարկվի հայկական անձնագրի շարժունակությունից առանձին։ Պարզաբանվում է, որ հաշվետվությունում Հայաստան մուտք գործելու վիզային պահանջները վերաբերում են հենց օտարերկրյա քաղաքացիների կողմից սահմանը հատելու պայմաններին։ «Ինչ վերաբերում է փոխադարձության ցուցանիշներին, ապա Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան այն երկրների թվում են, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի, էլեկտրոնային թույլտվությամբ կամ ժամանման վիզայով մուտք գործել Հայաստան, մինչդեռ հայկական անձնագիր ունեցող անձանց համար այդ ուղղություններում վիզա է պահանջվում։ Հակառակ ուղղությամբ Ռուանդան, Քենիան և Շրի Լանկան ներառված են այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներից Հայաստան մուտք գործելու համար վիզա է պահանջվում, մինչդեռ հայկական անձնագիր ունեցող անձանց համար այդ ուղղությունները հասանելի են առանց վիզայի, eTA-ով, ժամանման վիզայով կամ այլ պարզեցված ընթացակարգերով»,- ասվում է հաշվետվությունում։