



Արմինֆո.Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ինքը՝ քաղաքագետը՝ հրապարակելով ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան որոշումը։
Քաղաքագետին մեղադրանք էր առաջադրվել Facebook-ի իր էջում կատարած գրառման համար, որտում նա հանդես էր եկել Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատությամբ: Այն գնահատվել էր որպես "երկրում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչ անող" գրառում։ Գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (քրեական գործի կարճումը, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը-խմբ.):
ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով այդ որոշմանը, հարց է ուղղել, թե, ի վերջո, ով է պատասխան տալու այս բոլոր գործողությունների համար: Մանուկյանը հիշեցրել է, որ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ գործը հարուցվել էր դեռևս հունիսին: «Ըստ ՔԿ-իտվյալներով՝ Ղևոնդյանն, իբր, Facebook-ի իր օգտահաշիվներում հրապարակայնորեն իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ է արել՝ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը: Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և այցելել հավաքատեղիներ, ինչպես նաև շփվել սոցիալական ցանցերի միջոցով: Եվ մոտ երեք ամիս անց քննիչը "հասկացավ", որ հանցակազմ չկա։ Այս ողջ ընթացքում լռություն էին պահպանում Ղևոնդյանի "ակադեմիական" և համալսարանական գործընկերների մեծ մասը։ Բայց նրանք ժամանակավորապես էին լռել, քանի դեռ "նիկոլական" իրավապահ համակարգը վաղ առավոտյան չի թակել նաև իրենց դուռը", - գրել է պատգամավորը։


