



Արմինֆո.Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:
«1991 թվականի սեպտեմբերի 2-ին, քանդվող Սովետական Միության և իր անկախությունը հռչակած Ադրբեջանի ֆոնին Արցախի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ծնունդը։ Անկախության հռչակման գործընթացը լիովին համապատասխանում էր Սովետական Միության գործող օրենսդրությանը, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին։ Ի դեպ, Սովետի Սահմանադրական վերահսկողության կոմիտեն (Комитет конституционного надзора СССР) Արցախի հանրապետության հռչակումը հակասահմանադրական չէր համարել, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի ինքնավարության լուծարման որոշման։
Այսօր Արցախն օկուպացված, Արցախի ժողովուրդը՝ էթնիկ զտման ենթարկված։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ ստատուս քվոն վերջնական դատավճիռ է։ Ո՛չ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և այդ իրավունքը պետք է հարգվի», - ընդգծել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրը դարձավ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և սեփական պետականության կերտման խորհրդանիշ։ Այդ օրը հայ հասարակությունն ու տարածաշրջանի բնակիչները հիշատակի ու մշակութային միջոցառումներ են անցկացնում (մասնավորապես ՝ Երևանում)՝ հիշելով հանրապետության կայացման պատմությունը և քննարկելով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը:


