


Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան (նստավայրը ՝ Աբու Դաբի): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Սա Հայաստանի կողմից Պակիստանում նշանակվող առաջին դեսպանն է՝ Երեւանի եւ Իսլամաբադի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Ավելի վաղ Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Պակիստանը ոչ միայն աջակցել է Ադրբեջանին Արցախի հարցում, այլև 2020 թվականի աշնանը մասնակցել է ինքնորոշված հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։



