


Արմինֆո.Ժողովուրդն արթնացել է, զգում է, որ հենց ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը և ինչպիսին պետք է լինի։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Նոր ուժ" կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ գոհունակություն հայտնելով ընտրություններին բարձր մասնակցության առնչությամբ։
Նա ընդգծել է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիների բարձր քաղաքական ակտիվությունը մեծ նշանակություն ունի, հատկապես՝ Հայաստանի նման երկրի համար: Այս առնչությամբ Մարությանը հիշեցրել է, որ ավագանու նախորդ ընտրություններին հանրային ապատիայի պատճառով մասնակցությունը կազմել էր ընդամենը 28 տոկոս, ինչը, ըստ նրա, մեծ հիասթափություն էր առաջացնում:
Խոսելով հետընտրական հնարավոր գործընթացների մասին ՝ "Նոր ուժ" կուսակցության առաջնորդը նշել է, որ նորմալ և հանգիստ մթնոլորտում ընտրությունների անցկացման դեպքում իրադարձությունների հետագա զարգացումը կորոշվի ժողովրդի կամքով:
"Եթե ընտրություններն անցնեն առանց կեղծիքների, մենք պետք է ընդունենք ժողովրդի կամքը՝ անկախ այն հանգամանքից՝ կհաղթեն գործող իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչները", - ասել է նա:
Մարությանը հրաժարվել է կանխատեսել քվեարկության արդյունքները, նշելով, որ "Նոր ուժի" մասնակցությունն ընտրություններին եւ նրա ներկայացվածությունը խորհրդարանում կարեւոր նշանակություն ունեն, քանի որ կուսակցությունը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման եւ եվրոպականացման օգտին:
Պատասխանելով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Մարությանը կրկնել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր կուսակցությունների հետ, բացառությամբ "Քաղաքացիական պայմանագրի" եւ "Հայաստան" դաշինքի՝ պայմանով, որ պահպանվեն "Նոր ուժի" ծրագիրն ու սկզբունքները: "Քանի որ մարդիկ իրենց ձայնը տալիս են մեզ մեր ծրագրերի, այլ ոչ թե գեղեցիկ աչքերի համար", - ընդգծել է նա:



