Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 1-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Այս մասին տեղեկությունն տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/ArArAtMuseum : Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:
Կարոլոս Պապուլիասը կանգ առավ նաև ՙԽաղաղության տակառի՚ մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է ՙխաղաղության՚, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:
Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անվանական տակառով: Կարոլոս Պապուլիասը Երևանի կոնյակի գործարան այցելած 26-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնացվում:
Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը պարոն Պապուլիասին նվիրեց նաև գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից: