Պրն. Պողոսյան, 4 ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի արդյոք համաձայնության հանգել, թե՞ վերջին պահին նախաձեռնությունը կտորպեդահարվի, ինչպես անցյալի շատ նախաձեռնություններ:
Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները`Հայ ազգային կոնգրես, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՀՅԴ և ՙԺառանգություն՚, ամենայն հավանականությամբ, կկարողանան համաձայնության գալ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ: Ի տարբերություն անցած տարիների նախաձեռնություններին, երբ 4 խմբակցությունները տարաձայնություններ ունեին, այսօր գոյություն ունի միասնական դիրքորոշում: Նրանք իրենց գործողությունների համակարգման, համաձայնեցման որոշակի փորձ ունեն: Բացի այդ, վերջին ամիսներին կառավարության անդամները, ըստ էության, այդպես էլ չեն կարողացել խելամիտ պատասխաններ տալ խորհրդարանում ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են թե’ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերին, թե’ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, թե’ ՀԷԿ-երի Որոտանի կասկադի վաճառքին: Պետք է նշել, որ ընդդիմությունն այսօր շատ գրագետ է գործում, և վերջինիս հաջողվում է դժվար դրության մեջ դնել ինչպես խորհրդարանական մեծամասնությանը, այնպես էլ կառավարության անդամներին:
Դուք համաձա՞յն եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, որ Գագիկ Ծառուկյանը ոչնչով պակաս չէ Բիձինա Իվանիշվիլիից և կարող է նպաստել երկրում արմատական բարեփոխումների իրականացմանը:
Ես չեմ կիսում Տեր-Պետրոսյանի կարծիքը: Ի տարբերություն Բիձինա Իվանիշվիլիի, ով իր կարողությունը կուտակել էր Վրաստանի սահմաններից դուրս և հայրենիք եկել իշխանափոխության նպատակով, Ծառուկյանը տեղացի գործարար է, սերտաճած այստեղի համակարգի հետ, և, ամենագլխավորը, ԲՀԿ առաջնորդն իշխանափոխության նպատակ չի դնում իր առջև: Իրեն հասցեգրված ակնարկները նա ընդամենն ընկալում է որպես հետաքրքիր գաղափարներ, ոչ ավելին: Տեր-Պետրոսյանը, ըստ երևույթին, փորձել է ինչ-որ զուգահեռներ անցկացնել, դրդել Ծառուկյանին վճռորոշ քայլերի, բայց արդյոք ԲՀԿ առաջնորդը հաշվի է առնում նման խորհուրդները` դժվար է ասել: Կան ավելի խոշոր ու ազդեցիկ հայ գործարարներ արտերկրում, ովքեր իրապես կարող են ինչ-որ բան փոխել Հայաստանում, բայց առայժմ նման մտադրություններ նրանց կողմից մենք չենք տեսնում: Վերադառնալով ԲՀԿ-ին` պետք է հիշեցնեմ, որ նրանք նույնիսկ իրենց ընդդիմություն չեն կոչում, խուսափում են այդ բառից, ի՞նչ իշխանափոխության մասին կարող է խոսք լինել:
Օրերս ՀՀ նախագահը հայտարարեց, որ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերը և խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ստացվում է, որ իշխանություններն իրե՞նք են խոստովանում, որ իրենց գործողություններում ոչ միշտ է գերակշռում հեռատեսությունը և կշռադատվածությունը:
Կառավարության կիսակատար, ոչ որակյալ աշխատանքի ակնհայտ վկայությունը Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ստորագրումն է: Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այդ համաձայնագրերը, և խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժել մեղավորներին:Ծիծաղելի իրավիճակ է`ստորագրել են պայմանագիրը, վավերացրել, հետո միայն որոշել ուսումնասիրել այն ու գտնել մեղավորներին: Դա չմտածված քաղաքականության հետևանք է, և ասվածը վերաբերում է իշխանության բոլոր վերջին որոշումներին: Հայաստանի հանրապետական կուսակցության համար դժվար չէ վերևից ստացած հրահանգով ցանկացած օրինագիծ անցկացնել խորհրդարանում`խորհրդարանական մեծամասնության շնորհիվ: Միաժամանակ, կարծում եմ, որ նախագահը լիակատար չափով չի տիրապետում այդ գործընթացների շուրջ տեղեկատվությանը: Եվ երբ ընդդիմությունն սկսում է ուսումնասիրել այդ որոշումները և դրանց դեմ հստակ փաստարկներ բերել, ի հայտ են գալիս այս կամ այն որոշման բոլոր թերությունները:
Ընդդիմության ճնշման ներքո այդ համաձայնագրերի վերանայումը կարո՞ղ է արդյոք նախադեպ հանդիսանալ և հետագայում կոտրել այդ համակարգը:
Միայն ընդդիմությունն այսօր չի կարող իրական հակազդեցություն ցույց տալ իշխանությանը, տորպեդահարել հասարակական համակրանքը չվայելող այս կամ այն որոշման ընդունումը: Իհարկե, ընդդիմության ճամբարում կան իրենց գործի իսկական վարպետներ, պրոֆեսիոնալներ, հատկապես` տնտեսության ոլորտում, սակայն նրանց կետային հարվածներ չեն կարող խարխլել իշխանությունների դիրքերը: Այս համատեքստում մեծանում է քաղաքացիական հատվածի դերը, որը փորձում է պայքարել կառավարության որոշակի նախաձեռնությունների դեմ:
Իշխանությունները վախենում է Հայաստանում ուկրաինական սցենարի կրկնությունից, արդյո՞ք մեզ մոտ Մայդանի հավանականություն կա: Որպես սոցիոլոգ`ի՞նչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ:
Կիևի Մայդանի իրադարձություններն իրականում զգաստացրել են իշխանություններին` չնայած իրենք դա չեն խոստովանում: Երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է լայն կոալիցիա ստեղծեն ընդդիմության և մնացած հասարակության հետ: Ժողովրդին ոչ մի դեպքում չի կարելի հուսահատության հասցնել, եթե համբերության բաժակը լցվի, ո’չ ղարաբաղյան հակամարտության առկայությունը, ո’չ մնացած արտաքին սպառնալիքները չեն կարողանա խանգարել այդ խռովությանը: Մեր ժողովուրդն աստիճանաբար դուրս է գալիս ապատիայից: Ես, որպես սոցիոլոգ, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը դանդաղ գործողության ականի վրա է գտնվում, որը պատրաստ է ամեն պահի պայթել: Հասարակական դժգոհությունը մեծանում է ժամ առ ժամ, այն կրիտիկական նշագծի է հասել, և իշխանությունները պետք է հասկանան իրավիճակի ողջ վտանգը: Իշխանությունների նման քաղաքականության շարունակման դեպքում մենք կարող ենք կորցնել ոչ միայն Արցախը, այլ նաև` Հայաստանը: Մայդանի խռովությունն անկառավարելի է, թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունն ի վիճակի չեն զսպել այն: