Հայաստանում ցավալի իրավիճակ է տիրում ամենուր, որտեղ կան հանքավայրեր և լեռնահանքային ձեռնարկություններ, նշել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին մի խումբ էկոլոգներ և լրագրողներ այցելել են Լոռի, որտեղ գործունեություն է իրականացնում Ախթալայի ԼՀԿ-ն: Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ Շամլուղի հանքավայրի շահագործումից առաջացած թափոնները լցվում են կիրճերը, իսկ Այրումի պոչամբարի հարակից տարածքը, պարիսպների բացակայության պատճառով, օգտագործվում է անասունների արածեցման նպատակով:
Խաչիկյանը նշել է, որ 2013 թ. աշնանից` Ախթալայի ԼՀԿ կառավարչի փոխվելուց հետո, կոմբինատի մոտեցումները բնապահպանական հարցերին դրական փոփոխություններ են կրել: Չնայած դրան, նրա խոսքով, կիրճերում լեռնահանքային թափոնների կույտերը մինչ այժմ չեն վերացվել: Բացի այդ, ինչպես փակ, այնպես էլ գործող պոչամբարներն առաջվա պես ցանկապատված չեն: Դա նշանակում է, որ տեղի բնակիչները շարունակում են անասուններ արածացնել ռեկուլտիվացված պոչամբարի հարակից տարածքում:
Խոսելով Ախթալայում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին` Խաչիկյանը հիշեցրել է, որ դեռ խորհրդային տարիներից շահագործվող հանքավայրերից հոսող ջրերը հագեցած են ծանր մետաղներով: ՙԴրանք աղտոտում են Ախթալա գետը, իսկ հետո` Դեբեդ գետը, որն օգտագործվում է ոռոգման նպատակներով ինչպես Հայաստանում, այնպես էլ` Վրաստանում՚,- ասել է նա: Սակայն, նրա խոսքով, այդ խնդիրը միայն կառավարության կամ լեռնահանքային ընկերությունների ջանքերով չես լուծի: ՙՋրային պաշարների մաքրման հարցում անհրաժեշտ է կիրառել միջազգային փորձը՚,-նշել է նա: